Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

Այսօրվա իշխանության համար ավելի ընդունելի է Ցեղասպանության հարցը հանել արտաքին քաղաքական օրակարգից, քան հիշեցնել աշխարհին, թե ով ենք մենք

Այսօրվա իշխանության համար ավելի ընդունելի է Ցեղասպանության հարցը հանել արտաքին քաղաքական օրակարգից, քան հիշեցնել աշխարհին, թե ով ենք մենք
24.04.2025 | 15:02

Հայաստանի ոչ մի իշխանություն երբևէ չի համարձակվել և չի փորձել կասկածի տակ դնել այն, ինչը մեր ժողովրդի սրբությունն է՝ Հայոց ցեղասպանության անքննելի ճշմարտությունն ու Արցախի հայության ինքնորոշման իրավունքը։ Սա է եղել մեր գոյության հիմքը, մեր պետականության ողնաշարը։ Բայց այսօր մենք տեսնում ենք մի իշխանություն, որն իր իսկ ձեռքով քանդում է այդ հիմքերը՝ հանուն կեղծ խաղաղության, կեղծ ներդաշնակության, կեղծ արտաքին բարեհաճության։ Այսօրվա իշխանության համար ավելի ընդունելի է Ցեղասպանության հարցը հանել արտաքին քաղաքական օրակարգից, քան հիշեցնել աշխարհին, թե ով ենք մենք, և ինչ սարսափի միջով ենք անցել։ Մենք սերունդ ենք, որն ապրում է արյան հիշողության վրա։ Իսկ դուք ուզում եք դա մոռացության մատնել։

Այդ ինչպե՞ս «Արցախը Հայաստանն է» դարձավ «Արցախը երբեք չէր եղել Հայաստանի մաս»։ Ինչպե՞ս եղավ, որ պայքարի, կյանքի ու հերոսության այս հողը վերածվեց քարտեզի մի հատվածի, որից այդպես հեշտությամբ հրաժարվեցիք։ Ձեր բերանից հնչած այդ խոսքերը միայն քաղաքական դիրքորոշում չեն՝ դրանք բարոյական աղետ են։ Դրանք աղետ են ոչ միայն Արցախին, այլև ամբողջ ժողովրդին՝ նրա պատմությանը, արժանապատվությանը, տված զոհերին։ Ձեր լռությունը ցեղասպանության վերաբերյալ՝ նույնքան աղմկոտ է, որքան ձեր բաց խոսքը Արցախի հրաժարումից։ Ո՞վ տվեց ձեզ իրավունք լռելու մեր ցավի մասին։ Ո՞վ տվեց ձեզ իրավունք մոռանալ մեր իրավունքները։ Այս ճանապարհը, որով գնում եք, ձախողման, պառակտման և ինքնության կորստի ճանապարհ է։ Դադարեցրեք ազգային հիմքերի թուլացումը։ Դուք՝ որպես օրվա իշխանություն, ժամանակավոր եք, բայց մեր հիշողությունը՝ ոչ։ Մեր իրավունքները՝ ոչ։ Մեր զոհերի արյունը՝ ոչ։ Մի շարունակեք այս վտանգավոր խաղը ազգային արժանապատվության հաշվին։ Մի՛ մոռացեք՝ վաղը ժողովուրդն է հարցնելու։ Եվ այդ հարցերը լինելու են ծանր։ Ու անխուսափելի։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 10797

Մեկնաբանություններ